Tuesday, February 26, 2008

Հ1-ին DJ Adrian Cronauer* է պետք, ՇՏԱՊ

Սուտը ճշմարտություն է դառնում այն պահին, երբ դու հոգնում ես ճշմարտությունը փնտրելուց... Իսկ ամեն օր հացի խնդիր լուծելիս` շատ ավելի արագ ես հոգնում...

Հ1-ը սրտխառնոց է առաջացնում: Բացի այն, որ ակնհայտ սուտ են քարոզում, արդեն նույնիսկ ուղեղներին զոռ չեն տալիս մի քիչ շպարել այդ սուտը: Թքած ունեն բոլորի վրա, կարևորը "վերևի" աչքը բարի լինի իրենց վրա... Քարշ գալուց նույնիսկ սողունն է հոգնում ու մի օր սողալով ծառ է բարձրանում: Էդքան անողնաշարավորներ մի տեղ ո՞նց են հավաքվել...
------------------
* Good Morning, Vietnam

Saturday, February 23, 2008

17:05 / Երևան / Սայաթ-նովա պողոտա

"Լե-վոն" x 2 րոպե
"Լե-վոն նա-խա-գահ" x 2 րոպե
"Սեր-ժիկ հե-ռա-ցիր" x 2 րոպե
"Մի-ա-ցում" x 2 րոպե

10 րոպե: Երթն ավարտվում է...

5000-անոց բազմությունից մեկը գոնե կարո՞ղ է գոռալ "Արդարություն".......... 4 վանկը շատ ավելի երկար է, քան 2-ը............

Փետրվար 25. Միգուցե ե՞ս կարող էի լինել "Արդարություն" գոռացողը: Ցավում եմ, բայց չեմ կարող անել "Լևոն" գոռացող ամբոխի հետ: Իսկ էստեղ կարող եմ. http://narjan.livejournal.com/252568.html

Thursday, February 21, 2008

Լեյլան ու իմ վախը

Մանկությունը մի թռչուն է` թելով կապված մեր սրտերից,
Թելը պոկվում է, նա թռչում ու հեռանում է մեզանից:

"Խոսքեր" Ռ. Հախվերդյան


Բայց թռչունը գալիս, հպվում է սրտիդ, երբ հիշում ես...

Մեր բակում ապրում էին բազմաթիվ ընտանիքներ: Մի քիչ նման, մի քիչ տարբեր, մի քիչ հարուստ, մի քիչ աղքատ, մի քիչ մաքուր, մի քիչ փնթի, մի քիչ գոռգոռացող, մի քիչ հանգիստ, մի քիչ "ինտելիգենտ", մի քիչ "բանվոր"... Բազմաթիվ սովետական հինգհարկանի շենքերից մեկը, որ ժամանակին հանրակացարան էր եղել, հետո դարձել օջախատեղի, ուր հանրայինից մնացել էր բակը...

Ապրում էին բազմաթիվ ընտանիքներ: "Կակաշիկոտենք", որտեղ կային անհաշիվ երեխաներ` փնթի ու ուրախ: Լուսիկենք, որտեղ բոլորը լուռ էին: Ես չէի հարցնում ինչու: Մինչև հիմա չգիտեմ, բայց հարցնելու պահանջ էլ չունեի: Տանը եթե հայր չկա, լռելը բնական է, հարցեր պետք չեն: Պայծառ տատը` դինջ Կիրովականն իր լեննագանցու կրակոտ բարբառով ու անեծքներով դիվադադար անող: Ու կային Լեյլայենք` իմ ահուսարսափ Լեյլայի գլխավորությամբ: Լեյլան իր չորս քույրերի ու մոր հետ ապրում էր մեր կողքի շքամուտքի առաջին հարկում: Մայրը փարթամ մարմնով, վավաշոտ, վառ շուրթերով, պարբերաբար շեկացող կամ սևացող մազերով կին էր` արևածաղիկը` ձեռքից, իսկ ժպիտը շուրթերից անպակաս ու պատուհանից սովորաբար կախված` բակին հառված անորոշ հայացքով:

Կային երկու մեծ քույրեր, որոնց գրեթե չէի տասնում: Գնում-գալիս էին տարբեր մեքենաներով, տարբեր տղամարդկանց հետ: Ու կար Լեյլան` սպիտակամաշկ, շիկահեր մազերը միշտ կարճ կտրած, 16-ում արդեն բավականին լիքն ու կանացի ազդրերը կիպ տաբատներին պահ տված ու կոպիտ-կոպիտ ձայնով, որով հայհոյում էր իր ճանապարհին հայտնված բոլոր "պուճուրներին"... Ծխում էր Լեյլան, իր բոցավառ կրակը օրվա ընթացքում մոխրացնում տղաների հետ վազվզոցներում ու փոքրերի դեմ ծուղակներ լարելով: Քանի որ իմ բակը գրքերն էին, Լեյլայի ու իմ ճանապարհները սովորաբար չէին հատվում: Մինչև մի ամառային օր, երբ առաջին, թե երկրորդ դասարանում ես որոշեցի իմ ընկերուհի Գայանեի հետ ճոճվել շենքի կողքի պատից կախված երկաթե աստիճաններից: Գայանեին մեր բակից անջատում էին մի քանի շենքեր, որոնք, սակայն, բավականաչափ ապահով պատվար չէին Լեյլայի համբավից պաշտպանվելու համար:

Կախվեցինք, ուրախացանք, որոշեցինք տեսնել մինչև որ աստիճանը կարող ենք հասնել ու չվախենալ կախվել ու ճոճվել, մինչև հանկարծ մեր կողքին հայտնվեց Բելան` Լեյլայի փոքր քույրը, որը երկու թե երեք տարով փոքր էր մեզանից: Սկսեց նվնվալ, թե աստիճանը պետք է զիջել իրեն: Մենք համառորեն անտեսում էինք վտանգավոր նվնվոցը: Մինչև այն պահը, երբ հերթական ճոճքի ժամանակ Գայանեի ոտքը դիպավ Բելային, ու նա մի անտանելի ճղճղոց դնելով` վազեց դեպի տուն: Հասկացանք, որ մեր բանը բուրդ է... Ու Բելայից արագ փախանք... չէ, ոչ թե որևէ մեկիս տուն, այլ մեր հարևանի: Խելացի տակտիկա էր, ըստ մեզ. Լեյլան մեզ չի կարողանա գտնել Ռուզանենց տանը: Թակեցինք Ռուզանենց տան դուռը, Ռուզանին, ով Լեյլայի հասակակիցն էր, հանգամանորեն բացատրեցինք ճգնաժամային իրավիճակն ու ապաստարան խնդրեցինք: Ստացանք: Մտանք ներս ու սրտատրոփ նստեցինք բազմոցին: 10 րոպե էլ չէր անցել, դուռը թակեցին: Ռուզանն ասաց, որ չբացել չի կարող, Լեյլան է... Դուռը բացվեց, Լեյլան խռպոտ վրա տվեց. "Ո՞վ ա Բելային խփել"

Լռություն...

Երկուսով ուշադիր ուսումնասիրում ենք մեր կոշիկները:

"Դո՞ւ ես, ախչի", Լեյլայի կատաղած աչքերը նայում են ինձ: Անսովոր փայլ, կասեի նույնիսկ ուրախություն կա մեջը. "Ինձանից չեեեեես փախչի......Դու էլ ընկար ձեռքս, բա ոնց"

"Չենք խփել, ճոճվելիս Գայանեի ոտքը կպավ: Բելան էն կողմ չէր գնում...": Ես եմ, ոտքերիս վրա հազիվ եմ կանգնում: Լեյլայի ափն իջնում է Գայանեի դեմքին . "Մեկ էլ քեզ էս թաղում տեսել եմ..."

Գայանեն ոչինչ չասաց: Մեր տաս տարվա ջերմ ընկերության ընթացքում երբևէ չանդրադարձանք այս դեպքին, չգիտեմ նույնիսկ ինքը հիշում էր, թե ոչ: Բայց ամեն անգամ, երբ ժամանակ եմ ունենում մտածելու ու որոշելու վախենալ, թե ոչ, հիշում եմ Լեյլայի ափը...

Friday, February 15, 2008

Մի քիչ էլ բանաստեղծություն.

Գիշեր է:
Մութ,
պայծառ,
Պարզ,
մաքուր:

Առանց աստղերի,
Թանձրակապտավուն,
Շոյող ու պարուրող
Մշտակա ու վաղ-անց:

Գիշեր է: Մահը մենակի,
Արարումը Մեկի:

Անանուն


Պեղել եմ հին բլոկնոտներից: Վատ սովորություն ունեմ: Երկուսը, նույնիսկ: Սովորաբար գրելիս բաց եմ թողնում ամսաթվերը և դուր եկած մտքի հեղինակի անունը:-)

Wednesday, February 13, 2008

Միջոցների ու նպատակների մասին

Գիշերային թիթեռներին վառ լամպի շուրջ, իհարկե, տեսել եք: Մի մասը պտտվում ու պտտվում է ողջ գիշեր, իսկ առավոտյան, գիշերային կատաղի պտույտներից հանգած, հայտնվում ` բազրիքին` հանգած, ուժասպառ: Կամ էլ, ինչպես եկել էին, այնպես էլ անհետանում են...

Կան թիթեռներ, որ կպչում են լամպին ու հանդարտ, առանց տենդագին իրարանցման սպասում հաջորդ գիշերվան...

Որոշ խիզախներ էլ մտնում են լամպի մեջ ու վառված, անշունչ թափվում գետնին...

Մտքերն այս մոլորակում արժանացել են թիթեռային ճակատագրի:-). որոշ մտքեր բախվում են քեզ ու անցնում-գնում: Քոնը չեն դառնում: Միգուցե մի ամբողջ ժամ, րոպե, վայրկյան մտածում ես այդ միտքն ու վերջ, անցնում-գնում է ու երբեք չի վերադառնում: Իսկ եթե նույնիսկ վերադառնում է, համոզված չես կարող լինել, թե նույնն է:-)

Կան մտքեր, որ կպչում են ուղեղիդ ու պարբերաբար սկսում պտտվել, պտտվել, պտտվել... Հանգիստ չկա դրանցից, քանի դեռ ինչ-որ կանգառ չես առաջարկում` պատասխան, հարց, հետո անդրդադառնալու խոստում...

Ու կան մտքեր, որ սպառում են իրենց. փորձարկում ես այնքան, մինչև առաձգականության սահմաններն էլ անհետանում են, ու անշունչ, վառված թիթեռի նման շարում ես հարյուրավոր նման մտքերի կողքին... Դիակների այդ կույտն անշուշտ պարարտացնում է ուղեղը, բայց իրենց, որպես այդպիսին շատ աղոտ ես հիշում, եթե հիշում ես երբևէ...

"Միջոցը չի արդարացնում նպատակը": Սա իմ պարբերաբար խելահեղ պտույտի մեջ ներքաշվող մտքերից է: Կյանքիս տարբեր փուլերում բախվել եմ դրա հետ ու ամեն բախումից հետո իմացել եմ, որ վերջինը չի:

Երեկ նորից հանդիպեցինք... Նպատակները սովորաբար ընդհանրական են լինում, միջոցները մանրամասներ են սիրում` առօրյա աշխատանք, սխալներ, սխալների ուղղում, փոքր քայլեր, որ տանում են քեզ դեպի նպատակ: Ընքացք, գործընթաց, գործունեություն, ամեն օր: Սա է միջոցը: Երբեմն դրանք քեզ հասցնում են նպատակին, երբեմն` ոչ: Առավոտյան արթնանալ, աշխատել, ինչ-որ բան քանդել, ինչ-որ բան սարքել: Ամեն օր, օր-օրի: Ու մի պահ, երբ գլուխդ վեր ես բարձրացնում, տեսնում ես, որ կյանք ես ապրել, ամեն օր, օր-օրի... Չգիտեմ, հասել ես նպատակիդ, թե ոչ, բայց այդ ԸՆԹԱՑՔԸ ՔՈ ԿՅԱՆՔՆ Է ԵՂԵԼ ու որպես այդպիսին շարունակում է մասն լինել ներկայի, ու ապագան էլ հազիվ թե հանգիստ թողնի դրան: Եթե կարողացար հանգիստ խղճով, պարզ ճակատով նայել անցյալ ընթացքին (որն է միջոց), ուրեմն նույնիսկ նպատակին չհասնելը ցավոտ չի լինի: Եթե այդ կանգառում հասկանում ես, որ նպատակին հասել ես, բայց ընթացքը ավերակների կույտ է, չգիտեմ, ընդունակ կլինե՞ս արդյոք նշելու քո հաղթանակը:

Երբ ընթացքում որևէ հարցի շուրջ առանց երկար մտածելու փոխզիջում ենք անում` ակնկալիքով, որ ապագան մեզ այդ փոխզիջումը շտկելու հնարավորություն կտա, հասկանո՞ւմ ենք արդյոք, որ այդ փոքրիկ փոխզիջումները կուտակվում-կուտակվում ու սովորույթ են դառնում: Չեմ հետաքրքրվում հիվանդ զարմիկով, գոնե մեկ ժամ չեմ կիսում հարևանիս միայնությունը և հազարումի նմանօրինակ առօրյա պուճուր խնդիրներ... Որոհետև ես իմ ժամանակը նվիրում եմ ԲՈԼՈՐԻ համար կարևոր ծրագրի իրագործմանը, ես մտածում եմ բոլորի բարօրության մասին, չէ՞ որ դա է իմ նպատակը, ու ես ժամանակ չունեմ վատնելու մանրմունր խնդիրների վրա... Ովքե՞ր են բոլորը... Ի՞նչ մնաց "հոգատարություն" բառից, բացի մաշտոցյան պառապանծ հնչունների զրնգուն դատարկությունը...

Դժվար է հերոս լինել ամեն օր, ու մենք դա փորձում ենք փոխհատուցել "Ես կարող եմ հերոս դառնալ մի օր" նպատակով...

Tuesday, February 12, 2008

Արևահամ

Intellectuals often become champions of the masses to achieve their own self-fulfillment. But this is a new phenomenon, since the elites ignore the intellectuals. What worried Gandhi most was the hardness of heart of the educated. They do not stop until they’re convinced they’ve convinced everyone they are right, since to their mind their truth can be the only truth. Intellectuals, artists are handmaidens of the powerful, no real concern for the lower classes, more likely disdain.

Eric Hoffer, The Ordeal of Change
(Thanks Tom!)

Միտքը ճշմարտության ճանապարհին զոհեր է տալիս` բարություն, կարեկցանք, լիաթոք ծիծաղ... Վերջում տեղ է հասնում մտքի կմախքը...

Եթե պետք է ընտրել ճիշտ և ջերմ լինելու միջև, ես ընտրում եմ ճշմարտություն փնտրող (թեև "կակղամորթի" պիտակը երբեմն վիրավորական է թվում:-)) և ջերմ լինելը...

Monday, February 11, 2008

հենց էնպես

Զրուցում ենք մորաքրոջս տղայի ընկերոջ հետ: 21-ամյա, բարձրահասակ, բարետես, ինտելեկտուալ կարողությունների սահմանների համար բարությամբ և բաց, անկեղծ ժպիտով փոխհատուցած, բարեկեցիկ ընտանիքի բոլոր առավելություններից օգտված, (բարձրագույն կրթություն, մեքենա, ժամանցի հնարավորությունների բազմազանություն և այլն) բարեհոգի մի անձնավորություն: Հանկարծ հայտարարում է, որ ցանկանում է մինչև 2009-ն ամուսնանալ: Ընդ որում, սիրահարվել ("Հա, անպայման նախ սիրահարվեմ, հետո"), հետո ամուսնանալ:

- Քիս ջան, գործն արդեն էղած ա, կաշխատեմ, տուն-տեղ, ամեն ինչ նորմալ ա: Մի լավ աղջիկ լինի, սիրահարվեմ ու...
- Իսկ ո՞նց ես իմանալու, սիրահարվել ես, թե՞ ոչ:
- Դե, եսիմ, սիրտս կպչի էլի...
- Լավ, բա չե՞ս վախենում, որ հանկարծ մի օր էլ երկրորդին կկպչի: Անպայման ուզում ես ամուսնանա՞լ: Հանդիպել չե՞ս ուզում, գոնե որոշ ժամանակ:
- Չէ, էդպես չեմ կարող: Էդ հաստատ իմ բանը չի:
- Ինչի՞:
_ Չգիտեմ, էդպես...

***
Ամռանն ընկերոջս հետ կինո էինք գնացել: Ալավերդուց այդ օրը Երևան էր եկել մորաքրոջս աղջիկը և գիշերելու էր մեր տանը: 37 տարեկան, ունի ամուսին, երկու երեխա: Արտաքնապես բարեհաջող ընտանիք: Քանի որ վերադառնում եմ կեսգիշերն անց, անխուսափելիորեն պետք է պատասխանեմ "Ո՞ւր էիր, բա, Քիս ջան" հարցին:

- Կինո էի գնացել:
- Մենա՞կ (աչքերում փայլում է "լավ լուրի" ակնկալիքը):
- Չէ, մի տղայի հետ:
- էէէէէէ՞: Բա վե՞րջը:
- Վերջն ի՞նչ, Գայ ջան, կինո էինք էլի գնացել:
- Կինո-մինո, գոնե մեջը բա՞ն կա:
- Բանն ինչն ա՞, Գայ:
- Դե լո՞ւրջ ա, կամուսնանա՞ք:
- Գայ ջան, լուրջ-մուրջը դժվար հարց ա, իսկ ամուսնանալու մասին հաստատ կարող եմ ասել, չէ:
- Իա՜՜՜՜՜՜, բա էդ դեպքում ինչի՞ ես կինո գնում......

Որպես հիշեցում. արդեն 33 եմ:-)

***
Ես դժվարանում եմ, երբ զրույցը հասնում է դոգմաների, որոնք երբևէ քննարկելի չեն եղել ներքուստ: Այն, ինչ երբևէ դեմ չի տվել հարցականի պատին ներսում, արտաքուստ դառնում է անհերքելի և միակ ճշմարտություն...

Thursday, February 7, 2008

Сергей Довлатов

Имея деньги, так легко переносить нищету...

Тебя угнетают долги? У кого их не было?! Не огорчайся. Ведь это единственное, что по-настоящему связывает тебя с людьми...

Кто живет в мире слов, тот не ладит с вещами.

Люда вела себя ровно и приветливо. Это объяснялось наличием жениха. Ее не уродовала постоянная готовность к возмущенному отпору.

- Любить публично - скотство! - заорал я.

Нервной мультипликационной походкой суетились куры.

- Они Христа распяли, - вмешался Толик.
- Так это когда было!, - закричал Михал Иваныч. - Это еще до революции было...

Здоровый интерес бывает только к ветчине...

Слабые люди преодолевают жизнь, мужественные - осваивают.

Из романа "Заповедник"

Էսօր ջղային եմ. իմ սիրելի մարդկանց մասին գրեմ, որ ջղայնությունս ինձ չուտի:-)

Ո՞րն է ավելի ճիշտ. դիրքորոշում ունենա՞լը, թե՞ չունենալը

Ես չեմ կարողանում ընտրել իմ դիրքորոշումը նախագահական ընտրությունների գործընթացում: Ես փոփոխություն եմ ուզում, բայց չեմ տեսնում որևէ մեկին, որն ինձ, սովորական, միջին չափի ունակություններով ու հույզերով մեկին, կառաջարկի այդ փոփոխության ճանապարհը, ես էլ ունեցած-չունեցածս հավաքելով` ճամփա կընկնեմ հետը: Չկա մեկը, որի գործողություններին վստահեի, չեմ ասում շատ, թե քիչ, որովհետև վստահությունն ընդհանրապես կամ լինում է, կամ ոչ: Շատ ու քիչն այստեղ տեղին պարամետրեր չեն:

Մարդն ամեն ինչից երբևէ հոգնում է: Լավ, էս մարդիկ սուտ խոսելուց, իրենք իրենց մեծարելուց, կողքինին արհամարհելուց երբևէ չե՞ն հոգնելու...

Վարչապետը խորհրդարանի պատգամավորին, որն իրավաբան է, խորհուրդ է տալիս օրենսդրության դասեր առնել նախկին Արդարադատության նախարարից...

Նախկին նախագահն անտարբեր "հա, մայրիկ ջան" ասելով` անցնում է գյուղացի տարեց կնոջ կողքով, որը խնդրում է Ղարաբաղը ոչ մի դեպքում հետ չտալ...

Բաղդասարյանն օրենքի գերակայության մասին է խոսում, երբ 2002թ. խախտելով 11 դասախոսների ընտրություն կատարելու իրավունքը, Ֆրանսիական համալսարան է խցկում իր դրածոյին:

Գեղամյանը տիպիկ նազիր-վեզիր է...

Վազգեն Մանուկյանից եմ փորձում կառչել, բայց տեսածիցս ու լսածիցս իմ սովորական, միջակ խելքը գլուխ չի հանում: Բայց դեռ կառչած եմ, երևի սկսեմ մի քիչ մոխրագույններիս զոռ տալ:

Հարությունյանին ու Մելիքյանին չեմ կարողանում բան ասելուց բռնացնել: Մի անգամ միայն Հարությունյանի հետ Շանթով հարցազրույցից մի հատված հասցրեցի լսել, որտեղ նա բացատրում էր քվեարկության մեխանիզմի բարեփոխման իր առաջարկը, իսկ լրագրողի հեգնանքն անցնում էր բարեկրթության տարրական նորմերի սահմանները: Իմիջիայլոց, ինչ մի վատ բան է. բալային համակարգով գնահատել թեկնածուներին: Չգիտես ինչու 3 միլիոնանոց երկրում ինը նախագահի թեկնածու ունենալը հեգնական չի հնչում, իսկ բալային համակարգը որպես աբսուրդ հեգնանքով մի կողմ է նետվում...Ինչո՞ւ են մարդիկ ալարում իրենց նեղություն տալ ու դուրս գալ իրենց եռանկյունի քառակուսուց...

Չգիտեմ, չգիտեմ... Էս մի բուռ հողում ատելությունն ու չարությունը ալիք են տալիս, ու, գնալով, դրանց թափը փոթորկային ուժգնության է հասնում: Ատելության ծնունդը բարի չի լինում: Ատելությունը փակում է աչքերդ, դեմդ դնում դրա թիրախին ու քո բոլոր արարիչ ուժերն ուղղվում են այն ոչնչացնելուն: Ափսոս են այդ ուժերը... Գոնե մի փոքր հյուղակ կառուցելուն ուղղիր: Փտածը կքանդվի, եթե դրա բնակիչը տեղափոխվի քո սարքած հյուղակը...

Tuesday, February 5, 2008

Փետրվարի 5

Աշխարհում լիքը լավ բաներ կան... Օրինակ` օրեր, որոնցից կառչում ես առաջ շարժվելու համար: Ամուր հենվում ես դրանց վրա, երբ վերև ես գնում, մատներդ ցավելու աստիճան խրում ես օրվա տաքության մեջ, երբ ներքև ես գլորվում: Ու մարդիկ, որ քեզ պարգևում են այդ օրերը...

Շնորհակալ եմ:-)

Saturday, February 2, 2008

?

Եթե բլոգերները չաշխատեին, "բլոգ" երևույթը երբևէ կառաջանա՞ր:-)