Thursday, February 27, 2014

ԲՀԱՐԱՏ-ի զարմանալի թշվառությունն ու հմայքը (Օր 4. Ագրա)

Գրել արդյո՞ք Թաջ Մահալի մասին: Չէ...

Մի քանի ամիս առաջ կարդացի Յուկիո Միշիմայի «Ոսկե տաճարը»: Փոքրիկ հերոսի գիտակից կյանքում իմաստ ունի միայն մի բան՝ հոր նկարագրած Ոսկե տաճարը` Կիոտոյի հայտնի Կինկակուջին: Ծովափնյա փոքրիկ գյուղակից մի օր հոր հետ նա հասնում է Կիոտո՝ ամբողջ ճանապարհին սրտի տրոփյունով սպասելով Տաճարի իրական հայտնությանը: Երբ փոքր տղայի առջև բացվում է տաճարը, փուլ է գալիս նրա ողջ աշխարհը, որովհետև փոքրիկ, հիվանդագին երևակայության արարած տաճարի վեհության ու իմաստնության առջև նսեմանում է ուրիշի երևակայության նյութեղեն արգասիքը: 

Ես նմանատիպ զգացուղություն ապրել էի 1996-ին, երբ մի քանի ամիս ապրելով Հյուգոյի աշխարհում, մի անձրևոտ օր հայտնվեցի Փարիզի Աստվածամոր տաճարի առջև: Ընդհանրապես՝ Կեսարինը միշտ պետք է Կեսարին տալ. երազանքը միշտ պիտի երևակայության ծովերում լողա էնքան, մինչև մի բան ծնվի, բայց ծնվածը նյութական չպիտի լինի, որը մեր դարում մեր նմանների համար գրեթե անհնարին ա:-) 

Բայց... կատարյալը նյութից անդին ա: Ինչպես Թաջ Մահալը:

Wednesday, February 26, 2014

ԲՀԱՐԱՏ-ի զարմանալի թշվառությունն ու հմայքը (Օր 2 և 3. Վարանասի)

Լաքնաուն ու մնացած հնդկական քաղաքները մենք լքում էինք գնացքով, որն ամփոփում էր կաստա-դասակարգային ողջ գունագեղ ներկապնակը արտաքուստ անգամ տարբերվող երկաթե մի քանի տեսակի վագոններում` Sleeper, AC Two Tier, AC Three Tier ու տենց:  Ինչպես Ջայսալմերի երկու երիտասարդ ավստրիալուհիները հուսահատ նշեցին՝ մեր բախտն ուրիշ տեսակ էր բերել, որ AC Two Tier-ում հարմար տեղավորվելու ենք, իսկ իրենք, չհասցնելով էս կարգի համար տոմսեր ձեռք բերել (մեկը հարցներ, թե ոնց էին հասցնելու, եթե իրենք դա փորձել են անել ճանապարհոդությունից երեք օր, իսկ մենք երկու ամիս առաջ:-) ), ստիպված էին լինելու որոշակի դժկամությամբ, բայց պայծառ ապագայի ջահելական միտումներով լի տեղավորվել տոլմայական Sleeper-ում: 

Wednesday, February 19, 2014

ԲՀԱՐԱՏ-ի զարմանալի թշվառությունն ու հմայքը (Օր 1,2 և 10. Լաքնաու)

Լաքնաու՞՞՞՞՞՞՞: Նույնիսկ հնդիկների թավ հոնքերն են զարմանքից վերձիգ շարժում անում, երբ իմանում են, որ Լաքնաու ենք գնում. «Ախր էնտեղ ի՞նչ կա»: 

Դե եսիմ, փնտրողը կգտնի:-) 

Լաքնաուում պատմականորեն ու մասամբ էլ գեղագիտորեն հետաքրքիր առնվազն երկու կոթող կա՝ մեկը 18-րդ դարում կառուցված շիա իմամի դամբարանը՝ Բարա Իմամբարան՝

Copyright: suman palit

Մյուսը՝ բրիտանացիների բնակավայրը, որտեղ 1857թ. հնդիկներն ուզեցին ասել, որ իրենցից կարգին հոգնել են: 

ԲՀԱՐԱՏ-ի զարմանալի թշվառությունն ու հմայքը (1)

Եվ այսպես՝ 

ՅԱՆՏՐԱ ՄԱՆՏՐԱ ՏԱՆՏՐԱԱԱԱԱ........

Հինդուիզմի տասօրյա դասընթացի մեկ էջանոց մանտրա

Եվ ստեղծեց Բրահման երկիրն այս, իր տիկնոջ՝ Սարասվատի հետ, ով աստվածուհին էր կրթության: Փետրվարի չորսին Սարասվատիի օրն է, երբ հատուկ փառաբանում են աստվածուհուն՝ խնդրելով խելք ու կրթություն: Դու ասա տվող լինի:-) Ինչպես վկայուն են միլիոններն, աղոթքը մնում է կախված մթնոլորտում:-)

Ու տեսավ Բրահման, որ սիրուն է, ու եկավ Վիշնուն, որ պահպանի էդ սիրունը: Ու եկավ Շիվան, մեծն աստվածն կործանման ու արարման, որպեսզի պտտվի անիվն կյանքի: Ու պտտվում է էսպես իր համար: Ու աշխարհում ամեն ինչի համար ստեղծվում են աստվածներ ու աստվածուհիներ:

Գանեշան, փիղ-աստվածն, ով օրհնում է ամեն սկիզբ, ամեն նոր՝ նոր ծնունդից մինչև նոր խելախոս:

Հանուման, կապիկ-աստվածն, ով օգնում է մարդուն լուծել իր բոլոր խնդիրները: 

Դուրգան կամ Կալին (բոոոոոոո, գլխատված մարդկանց գանգերի մարջանով զարդարված բազմաթև աստվածուհուն կինոներից հաստատ կհիշեք:-)), ահասարսուռ աստվածուհին, ով պարգևում է իշխանություն ու իրեն վստահողին օրհնում առողջությամբ ու հզորությամբ:

Ժամանակին, երբ կատուն ճոն էր... չէ, չէ դրանից էլ շատուշատ առաջ, երբ Վիշնուն աշխարհ էր եկել տեր Ռամայի տեսքով, Ռամայի հոր կանանցից մեկն, ով բոլորովին չէր ցանկանում, որ առաջնեկ Ռաման հաջորդի հորը գահի վրա, համոզում է ամուսնուն, որ Ռամային ուղարկի անտառ՝ «հոգևոր սնունդ ստանալու համար»: Դե, խեղճ Ռաման էլ ինչ աներ. առնում է գեղեցկուհի կնոջը, կրտսեր եղբորը ու տուն-տեղ դնում անտառում, որտեղ մինչև էդ իշխում էին կապիկները: Քանի որ Սարասվատիին իր աղոթքներն ընկերական փոստով վաղուց էին տեղ հասել, միանգամից ընկերանում է վերջիններս հետ:

Մի օր էլ Ռաման հերթական անգամ կնոջ մոտ է գնում ու տեսնում, որ կինն անհետացել է: Դես է ընկնում, դեն է ընկնում, չի գտնում կնոջը: Խնդրում է իր ընկերոջը՝ կապիկին, որ օգնի իրեն: Կապիկն անցնում է երկրի կեսն ու Ռամայի կնոջը տեսնում Շրի Լանկայում, զազրելի մի դևի մոտ բանտարկված: Հետ է գալիս Հանումանը, այո, այո, մեր կապիկը, ու պատմում Ռամային, որ իր գեղեցկուհի կինն ահարկու դևի գերին է:

Ռաման որոշում է փրկել կնոջը (հլա փորձեր չորոշել. Հնդկաստանում մի էսպիսի լավ խոսք կա. քանի որ աստված (էնքան էլ կարևոր չի որ մեկը, բայց խոսքի համար Շիվան, չի կարող բոլորին միանգամից օրհնել, մարդուն պարգևել է մորը, որ իր օրհնանքը տեղ հասցնի: Ու ինչպես չի կարող ամենահաս լինել օրհնելու համար, այնպես էլ չի կարող ճիշտ տեղում ու ժամանակին հայտնվել պատժելու համար: Ու ստեղծել է դրա համար Շիվան մարդու կնոջը... բա:-))))))))))

Նրան է միանում կրտսեր եղբայրը՝ Լակշմանը: Հանումանն իմանալով Ռամայի միտքը՝ հավաքում է կապիկների մի ամբողջ բանակ, որով Ռաման գրոհում ու հաղթում է Շրի Լանկայի դևին՝ վերադարձնելով կնոջը: Ասում են, Հնդկաստանից Շրի Լանկա անցնելու համար կապիկները մի օրում կամուրջ են ձգում Ռամայի համար...

Վերադառնալով Հնդկաստան՝ Ռաման վերահաստատվում է պալատում (պատմությունն անտեսում է խորթ մոր ճակատագիրը, բայց գուշակել կարելի է:-)) ու ոսկով ու այլ գանձերով պարգևատրում Հանումանին: Վերջինս չի էլ նայում դրանց վրա ու շպրտում է մի կողմ: Բոլորը տարակուսանքով նայում են կապիկին ու հորդորում վերցնել էդ անթիվ-անհամար հարստությունը: Կապիկն էդ ժամանակ լուռ կանգնում է պալատի մեջտեղում ու բացում կուրծքը: Էնտեղ նստած են լինում Ռաման ու իր կինը.
- Ես բոլոր աստվածներին իմ մեջ ունեմ, ինչի՞ս է պետք ձեր սին հարստությունը, - ասում է Հանումանը:

Ռաման հասկանում է, որ Հանումանը ճանաչել է իրեն՝ Վիշնուին, և ինքն էլ իմանալով, որ Հանումանը Շիվան է, վերջինիս է նվիրում մի ողջ տաճար...

Այսպես, առաջին անգամ Վիշնուն ու Շիվան երկիր եկան՝ պայքարելու Շրի Լանկայի դևի դեմ, որին մենակ հաղթելն անհնարին էր:     

Սվաստիկան կենցաղում ամենատարածված խորհդրանիշն է, որը պահպանում է չար ուժերից: Ինչպես ասաց Վարանասիի մեր բրահմին գիդը. «Երբեք չգիտես, թե էս տարածքում քանի ուրվական կա (չէ՞ որ մարդիկ երբեմն էնքան վատ կարմա են ունենում իրենց կյանքում, որ հաջորդում վերածնվում են որպես ուրվական, չգիտեի՞ք յա): Որպեսզի ամեն դեպքում հանգիստ լինես, որ քեզ չար ուժերը չեն վնասի, սվաստիկա ես նկարում: Այն մաքրում է շրջակա տարածքն ու  օդը»: Էնպես որ, Հնդկաստանում ամեն երկրորդ տանը ոչ թե նացիստ է բնակվում, այլ չար աչքից հեռու մնալու ցանկությամբ լիքը հնդիկներ:-)

Tuesday, February 18, 2014

ԲՀԱՐԱՏ-ից առաջ և հետո (Օր 0 և 11. Դուբայ)

Աշխարհի առաջին հրաշալիքը գիտե՞ք որն ա: Չգիտեք:-)

Այ, որ աշխարհը ոտի տակ ես տալիս ու գալիս ես կանգնում քո մանկության տան պատուհանի մոտ, դուրս ես նայում ու տեսնում քառասուն տարվա նույնություն․․․

***

Ուրեմն ինչ ասեմ, որտեղից սկսեմ... Հադին էր, Հյուդին էր, Չատին էր, Մատին էր ..վեր կացանք մի օր երկուս ու մեկ հոգով, ռավոդվա կեսին, առանք մոդեռն մարդու թուր թվանքն ու նստեցինք «Ֆլայ Դուբայ» սամայլոտ:

Ինչպես ասեց մի օր մի խելոք հնդիկ՝ վեհասքանչ Ջայսալմեր քաղաքից. «Եթե ուզում եք պատմություն մը լսել, գնացեք կինո, իսկ եթե ուզում եք իրական պատմությունն իմանալ զբանս աշխարհո, եկեք ինձ մոտ»: 

Ո՛վ սիրելի ընթերցող, եթե ուզում ես թերթել դարավոր պատմության էջերը սքանչելի երկրի մը, որ կոչվի «Բհարատ» ընդամենը երեք ժամում, բացիր Ուիքի: Իսկ եթե ուզում ես մոլորվել օփիումով շղարշված կիսաճիշտ պատմությունների իմ լաբիրինթոսում, բարով ես եկել: Չփախչես, հաաաաա:-)
  
Ոնց ու ինչպես որոշեցինք գնալ Հինդուստան, կամ ավելի ճիշտ, Բհարատ, իսկ ավելի հայեցի՝ Հնդկաստան, Աստված գիտի, բայց, քանի որ որոշված էր, «Ֆլայ Դուբայի» այս ինքնաթիռը մեզ տարավ հասցրեց նախ ու՞ր: Իհարկե, Դուբայ:-)