Tuesday, May 26, 2015

զարմանալի և բարի և իրական պատմություն...

Եթե գոնե վերջին երեք տարում Երևան-Կիրովական երթուղին անցել եք «հանրային» տրանսպորտով, ոչ թե ձեր մեքենայով, կամ ավելի նախանձելի հեծանիվով, ուրեմն գիտեք մգացված ակնոցով ու վստահ քայլվածքով, ձայնը երբեք չբարձրացնող, ամեն ինչ տեսնող ու հայացքով մենեջմենթի ունիկալ փորձեր արձանագրած միջին տարիքի տղամարդուն, որը տնօրինում ա «գիծը»: Երևի: Կամ էլ  տնօրինողի լիազորված անձն ա տեղում ու նույնիսկ եթե չի, դրվածքն էնպիսին ա, որ «ասողն» ինքն ա:

Ու նաև փոքրամարմին «ցավդ տանեմի» անսպառ պաշարով Արսենը: Կամ էլ Արսենը հինն էր, չեմ հիշում: Բայց ասենք Արսենը, որ ասել-խոսելով, պարբերաբար ազատ տեղերը գովազդելով, սպասում ա, մինչև մեքենան «լցվի», ու ինքը փողերը հավաքի: Տոնական օրերին հայտնվում ա էս երկուսի գործառույթներն անհավասարապես կիսող (արծվի հայացքով ճնճղուկային ուղևորներին համարակալելն ու տեղավորելը կիսվում ա, բայց կռանալն ու տոմսի գումարն ստանալը մնում ա միայն Արսենի գործը) մի երիտասարդ՝ Արմանի ջինսով, բազուկներն ու փորիկը կիպ գրկած Պումա մայկայով: Բրենդերի տեղափոխությունից, ինչպես հասկացաք, բրենդային էությունն ու երիտասարդի ճանաչելիությունը, բնականաբար, չի փոխվում: