Wednesday, February 24, 2016

Ձմեռվա կեսին ծով

Հադին էր, Հյուդին էր, Չատին էր, Մատին էր, հերս էր, ես էի, վեր կացանք մի օր հինգ ու վեց հոգով, թրով-թվանքով...

Հադի-Հյուդին չգիտեմ, բայց որ ես ու Արմինեն մի օր վեր կացանք երկու հոգով, մեն-մենակով, թուր-թվանքի տեղ էլ երկու կորած-մոլորած ժպիտ առած սառնամանիքից դանդաղորեն սթափվող Երևանից թռանք Դուբայ, այ, էդ գիտեմ: 


Հունվարի 25, 15:15 
- Քրիստ, կարո՞ղ ա ուզես փետրվարին մի քանի օրով գնանք Դուբայ: 
- Աաաամ, ոնց որ ուզում եմ ասել «հա»: 

Ոնց որ ոչ միայն ուզեցի, այլ նաև ասեցի: Հունվարի 26-ին մի ձյունածածկ ճամփով, սոթումոթ տալով, ցեխաշաղախ հասանք Զաքյան ու իրենց էլ ասեցինք «հա»: Դուրս եկանք: Ոգևորվածությունից մնացել էլ մի պուճուրիկ ծվեն, մնացածը թողել էինք ՖլայԴուբայի դռներից ներս: Դե որ քամին էլ վրա տվեց, ստիպված երևանյան ձմեռվա ցրտին դեմ տվինք մեր վախերը: Ո՞ւր ենք գնում, ինչի՞ ենք գնում, ո՞նց ենք գնում, արժի՞ որ ու մինչև հասանք Սայաթ-Նովա, ուզում էինք հետ վազել ու ասել չէէէէէէէէէէէէէէէէ: 

Բայց ցեխը շատացել էր, մենք՝ ուշացել ու հետ գնալու մասը նույնքան անիրական էր թվում, որքան ժամանակին ուոռլոքները...: 

Երեք շաբաթ հետո Հադի-Հյուդիները ռուսերենով մեզ դիմավորեցին Դուբայում: Փորձեցին գիդումիդ հրամցնել մեզ, իհարկե, ոչ սիրուն աչքերի և այլ հետաքրքիր մասերի համար, բայց մենք ասեցինք չէէէէէէէէէէէէէէէէէէ: Չէ ու չէ, որովհետև մենք եկել ենք ծով: 

Իսկ ծովը... տաք, մաքուր ու սեթևեթող մեզ հրապուրում էր օրվա ցանկացած ժամին: 40-ից հետո իհարկե որոշակի վերապահումով ես վերաբերվում ցանկացած սեթևեթանքի, ու չտրվելով անգամ լուսնի, աստղերի ու ինքնաթիռների լույսին, ամեն դեպքում որոշում ես քեզ հանձնել ոչ թե ջրի, այլ ավազի սեթևեթանքին: 

Իսկ գիտակցությունը, որ դու դա անում ես փետրվարին, ամեն ինչ կրկնակի հաճելիացնում ա:-) Մի հատ էլ գումարի գունավոր թութակների սիրահար, նվաղկոտ զույգին, հնդիկապակիստանցի Սուրիկին, հաճոյաբարո, ժպտադեմ դռնապանին, վեց ամիսը մեկ Արաբստանում հայտնվող հեղեղը բաց թողնելու անկապությունն ու հիլով սուրճը, և հաճույքը դառնում է սովորույթ: Երեք օրանոց:-)))

Tuesday, February 2, 2016

Argument

Ամեն ինչ իհարկե շատ ավելի վաղ ա սկսվել քան Big Short - Inside Job - Business Insider հերթականությունը, բայց բզբզողը հենց էս հերթականությունն էր: Մեր՝ արևմտյան մշակույթի վախճանն ահազանգող ամենասուր ազդանշանը փաստարկային իրողությունն ա... Լուրջ եմ ասում: Ով ավելի ինքնավստահորեն ու ավելի ՓԱՍՏԱՐԿՎԱԾ, այսինքն լիքը փաստերով, լիքը «ազդեցիկ» մարդկանց վրա հղումներ անելով, իրողությունների լաաաաայն շրջանակի վրա հիմնվելով, ով ավելի գեղեցիկ, պարզ, կապակցված ու հմայիչ կասի ինչ-որ բան, նա էլ կտանի իր հետևից մարդկային բազմությունը... Կարևոր չի, որ ասենք միիիիի պուճուր, մանր, վիճակագրորեն աննշմար իրողություն կարող ա եղանակ փոխի: Կարող ա և ոչ.... քանի որ քանակն ա կարծես եղանակ փոխում...

Բայց ամեն ինչ էսօր փաստարկվում ա: Ջղային ես՝ լիքը փաստարկներ բեր ապացուցելու, որ «զայրույթն քո արդարացի է անշուշտ»: Ֆիլմը լավն ա, փաստարկներ բեր, թե ինչու: Վատն ա՝ նույնը: Ասենք, «Լավն ա», «Ինքն ա» կամ հիացմունքից բերանդ բաց նստելը հերիք չի, անպայման պիտի ՓԱՍՏԱՐԿԵՍ:

Չեմ թաքցնում, ինքս փաստարկի ու փաստարկողի հմայքից խոցված մարդկային բազմությունից եմ, բայց երբեմն նեղվում եմ, սթափվում եմ, ձանձրանում եմ էդ ունայնությունից... Հատկապես երբ ինձ մինչև գիտակցությունից էն կողմ ներս մտած բանի մասին են հարցնում: 

Բայց ի՞նչ անել, եթե չփաստարկել: Չգիտեմ... Հեսսեի Հուլունքներից մի միտք ա մխվել ուղեղումս. երբ նկարագրում ա բենեդիկտյան մենաստանի հայր Յակովին՝ ժամանակվա ամենա-ամենա-ամենա պատմաբանին, որը հետագայում պարզվում ա նաև ամենա-ամենա-ամենա հարգված դիվանագետներից ա: Ասում ա մոտավորապես սենց մի բան՝ էնքան իմաստուն էր, որ իմաստնությունը կանխում էր իր ակտիվ դիվանագիտական գործունեությունը: 

Հիմա, եթե իմաստուն ենք դառնում, ո՞նց ենք գործում: Էդ ուրիշ տեսակ պետք ա լինի, չէ՞,  գործելը, ոչ թե կրկնի նախորդ տեսակները: 

Օֆ, չգիտեմ........