Thursday, July 14, 2016

Ոսկե ծիրան 2016

Էս շաբաթ գործից «փախչում» եմ, այսինքն ընդմիջմանս ժամին կես ժամ էլ իմ կողմից եմ ավելացնում, որ ֆիլմ նայեմ: Երեքն եմ տեսել ՝

L'avenir  (2016) - Ֆրանսիա
Silent Heart (2014) - Դանիա
Amama (2015) - Բասկերի երկիր

Եվրոպան սա ա: Էսօր իհարկե դժվար ա ասել, ով ինչ ա, բայց երեք ֆիլմն էլ տարիների ընթացքում տարբեր կարդացածներից ու ապրածներից ձևավորված ընդհանրացումները շատ սիրուն անձնավորած եվրոպական կտավներ էին՝ շատ ուրույն զարդանախշերով, անգամ էնքան յուրօրինակ, որ գրեթե ունիվերսալ էին արդեն: 

Առաջինում՝ ֆրանսիացի ազատ, ինտելեկտուալ կինն ա, ու դեռ 18-րդ դարից վերապրած սալոնային մտքաճակատամարտերը, որտեղ երևի 21-րդ դարում միայն դերակատարներն են փոխվել՝ հիմա կանայք նույնքան մաս են կազմում այդ մտքային դեբատների, որքան տղամարդիկ: 

Երկրորդում՝ բուռն զգացմունքների բժշկայնացումը հյուսիսեվրոպական այս ու հարևան երկրում՝ Շվեդիայում: 

Երրորդում՝ բասկերի ավանդականության պաշտամունքն ու կնոջ հզոր ներկայությունը: 

Բայց սրանք ընդամենը ընդհանրացումներ են: Արժի տեսնել կտավների անհատներին ու նրանց պատմությունները: Երեք ֆիլմն էլ վիզուալ գեղեցիկ էին: Հետաքրքիր էր բոլորին իրար հետ կապող հանդարտությունը: Որի հիմնարար զգալիությունից, թե որևէ այլ տեխնիկա-բովանդակային հնարքներից զգացմունքային ու մտային խորության փիս շոշափելի զգացողություն կար, որը տանում էր խորը, շատ խորը: Ես լավ չեմ լողում, ավելի վատ սուզվում եմ, բայց խորություն շատ եմ սիրում։-) Ու սիրում եմ, երբ ջրերը տարբեր են լինում, ոնց որ էս երեք ֆիլմերում... Ինչպես առաջինում՝ ծաղկամանի դիմաց նստած մենակ կինը, երկրորդում՝ իր մահվան օրը որոշած կնոջ հպումն իր տան աթոռներին, երրորդում՝ հոր սարքած մահճակալը...

Բայց մեկ ա՝ ջուրը ջուր ա...։-)

No comments: