Tuesday, March 7, 2017

Օր 2. The Lunchbox vs Paterson

Իրականում The Lunchbox-ի ու Paterson-ի միջև կապ չկա: Անգամ արտադրման տարեթիվն ա տարբեր:-): Բայց ես կապում եմ, որովհետև երկուսն էլ սովորական մարդկանց սովորական առօրյայի մասին են, որոնց հիմքում մոդայիկ դարձած էքզիստենցիալ հարցեր են. կյանքի նպատակ, բան:-)

Առաջինն ինձ համար անհայտ ռեժիսորից ա, երկրորդը՝ հայտնի Ջարմուշից, որի Broken Flowers շատ եմ սիրում, ավելի ճիշտ շատ սիրեցի, երբ առաջին անգամ նայեցի. հիմա չգիտեմ, կսիրեմ, թե կսիրեմ անցյալի հուշը:-)

Բայց ինչո՞ւ եմ համեմատում, որովհետև պատմության լուծումներն առաջինում շատ դուրս եկան, երկրորդում՝ ոչ, իսկ քանի որ երկուսն էլ պուճուր մարդկանց պուճուր պատմություններ են, մի տեսակ ակամա ստացվեց համեմատությունը: Կամ էլ ոչ այնքան, որովետև մի օրվա տարբերությամբ նայեցի:-)


Paterson-ը ամենօրյա, մեկ շաբաթանոց կյանքն է Paterson քաղաքի ավտոբուսի վարորդներից մեկի՝ Paterson-ի: The Lunchbox-ը Հնդկաստանի կառավարության անթիվ-անհամար կառույցներից մեկի 35 տարվա ստաժով աշխատակցի ու երևի 25-ամյա տնային տնտեսուհու մասին պատմություն է՝ նորից ամենօրյա: Թե՛ առաջինում, թե՛ երկրորդում կյանքի համն ու հոտն ամբողջ սրությամբ զգացվում են կեսօրյա ընդմիջման ժամանակ, երբ Paterson-ն սկսում է բանաստեղծել, անհետաքրքիր, միհարկանի, քարի ու բետոնի քաղաքից հանգրվանելով ջրվեժի մոտ, իսկ Սաաջան Ֆերնանդեսը համտեսում է ճաշի առաքման աշխարհահռչակ համակարգում անհասկանալի սխալի պատճառով իր մոտ հայտնված Իլայի՝ ամուսնու համար պատրաստած ուտեստները: 

Առաջինում առօրյան ու էքզիստենցիան բախվում են, երբ Paterson-ի բանաստեղծությունների տետրը հանդգնաբար հոշոտում է կնոջ խանդոտ շունը, հա, մի զզվելի արարած:-) 

Երկրորդում՝ Ֆերնանդեսը թոշակի պիտի գնա, իսկ Իլան հայտնաբերում է, որ ամուսինը դավաճանում է: 

Առաջինում առօրյայի ու էքզիստենցիայի բախումը հանգուցալուծվում է անծանոթ ճապոնացու կերպարով... Արևելք-Արևմուտք, առօրյա-ճակատագրական պատահականություն, կենցաղ-բանաստեղծություն/գեղեկցություն, ուրբանացում-բնություն. ռեժիսորն էս երկվությունների, մի քիչ ծայրահեղականացված հակադրությունների սիմվոլիկայով ա պատմում իր պատմությունը, բայց արդյունքում ինտելեկտուալությունը ճնշում ա պատմության մարդկայնությունը, անկեղծությունը: Վերջերս պատմության մեջ ինձ հուզում ա հենց սա... Պատմությունն ինքնին բացառապես մարդկային երևույթ ա, իր խոցելիությամբ, պարզությամբ, իր երևակայված լինելով, ու երբ իրեն դարձնում ես առավելապես ուղեղային երևույթ, մի կարևոր բան կորչում ա: Ու ինձանից ինքը հեռանում ա, որն իհարկե չի նշանակում, թե մեկ ուրիշի համար էլ ա ինքն արժեզրկվում: 

Երկրորդում առօրյայի ու էքզիստենցիայի բախումը հանգուցալուծվում ա երազանքով... Ուրիշն ի՞նչն ա ավելի մարդկային:-) Ուրիշ ի՞նչն ա, որ էդքան ներդաշնակորեն գունավորում ա առօրյան:-)

Ու նաև սիրով կամ դրա պատրանքով, ով ոնց ցանկանա:-) 

Ու էդ իսկ պատճառով մարդկային, անկեղծ, ավելի խորը ֆիլմ ա ստացվել...

Սենց:-)

No comments: