Friday, September 22, 2017

Աթենասի քաղաքը

Իմ տարեկիցները կհիշեն էս գիրքը՝ Ն.Կուն «Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները»: Մեր հրատարակությունը սևուսպիտակ, հաստ շապիկով էր, մեջը՝ աստվածների ու հերոսների «սխրագործությունները»: Չգիտեմ ինչու, հերոսների մասին չէի սիրում կարդալ, բայց աստվածների ծնունդն ու կյանքը մի տաս անգամ իրար հետևից կարդում ու չէի հոգնում: 

Ինձ շատ էր դուր գալիս Աթենասը:-) Ինձ թվում ա, էն փաստը, որ ինքը պապայիս ամենասիրելի աստվածն էր էդ բոլորի մեջ, քիչ դեր չուներ սեփական նախասիրությունս  բարձրաձայնելու հարցում:-)


Բայց միշտ թաքուն նախանձում էի Աֆրոդիտեին:-)))) 10-12 տարեկան էի: Ինչո՞ւ պիտի նախանձեի էս սիրուն աստվածուհուն, մանավանդ, որ իմ սիրածն էլ վատիկը չէր, ու հլա վրադիր էլ, շատ խելոքն էր: Հիմա դժվարանում եմ ասել, թե ինչու, չնայած եթե Ֆրեյդին հետևեմ, հեչ էլ չեմ դժվարանա:-)) Բայց հիմիկվա ասածս կոպեկի արժեք չի ունենա, որովհետև վաղուց 10-12 չեմ, ու վաղուց գոյություն չունի մեր պուճուրիկ պատշգամբի նեղլիկ թախտից, դրա շուրջ շնչող հինգհարկանի նախկին հանրակացարանը բնակեցնող մարդկային կյանքների կծիկից, ավտոտնակային կտուրներից բնականորեն առաջացած բակային խաղերը հյուրընկալող խաղահրապարակից ձուլված իմ աշխարհը: 


Սիրում էի Ապոլլոնին ու Դեմետրային: 

Ու քառասուն տարվա մեջ ինձ երբեք չի հետաքրքրել ժամանակակից Հունաստանը: 

Ցավոք, կարծես ոչ միայն ինձ, այլև շատերին, ում էսօր ասում են «եվրոպական քաղաքական էլիտա»... Որովհետև օդանավակայանից մինչև Պլատոնոս փողոց հասանք, 2017 թվականում Աթենասի քաղաքից տխրեցնող գոլորշիներ էին դուրս գալիս, չնայած վառ կապույտ երկինքն ինչ-որ կերպ ու համառորեն շարունակում էր մեզ հուշել սպիտակ մարմարից կերտված երբեմնի շքեղության մասին: 


Տխուր էին անկանոն շենքերը, ծուռումուռ, նեղլիկ, կարկատած ու անկարկատան մայթերը: 


Ամեն ինչ հին էր... Բայց էդ հնություն չէր, որը սրբորեն պահպանում ու խնամում են ապրվող նորության, մաքրության, թարմության, առաջ նայելու լավատեսության մեջ: 


Հոգնած էր Աթենքը: Անուժ՝ իր ժառանգությունը հպարտորեն ցուցադրելու համար, ի տարբերություն, ասենք Իսպանիայի հյուսիսում տապկացած գոթական «Պուլխրա Լեոնինայի»: Երևի ես թերագնահատում եմ հարյուրավոր դարերի հոգնությունը...


Երբ Ակրոպոլիս գնացինք, անհուսության նման մի բան սողոսկեց ներս. ախր երբ մարդ ստեղծել ա կատարյալը, հետո ի՞նչ անի... Ես գիտեմ, որ հին հույները մեր նման մարդիկ էին (շատ, թե քիչ), բայց իրենց աստվածների ու հերոսների մեջ կատարելության մարմնացում էին ստեղծել ու մի տեսակ բնականորեն, կենցաղային ձգտում էր զգացվում դեպի կատարյալը: Որը հիմա չկա 2017-ի Հունաստանում, չկա իմ իմացած Արևմուտքում


Իսկ Ակրոպոլիսը շարունակում ա մնալ ուխտատեղի: Մ.թ.ա՝ հոգու համար, մ.թ. 21-րդ դարում՝ անհայտ մի բանի համար, որից մոդայի փիս հոտ ա գալիս: 


Հ.Գ.




















մ.թ.ա. 2-րդ դար

2 comments:

Unknown said...

իրենց աստվածների ու հերոսների մեջ կատարելության մարմանցում էին ստեղծել ու մի տեսակ բնականորեն, կենցաղային ձգտում էր զգացվում դեպի կատարյալը: Որը հիմա չկա 2017-ի Հունաստանում, չկա իմ իմացած Արևմուտքում:

Christina said...

«Մարմանցում»:-)))))))))) բայց իրականում ճիշտ եմ գրել, որովհետև անտիկ քանդակագործությունն իրականում «մանմՆանցում» ա դեպի կատարյալը:-) մարմինը կատարյալ ա:-)